Հայտնի է, որ Նախիջեւանն Ադրբեջանին հանձնելու պայմանագրով անվտանգության երաշխիքներ են նախատեսված, եւ չի բացառվում, որ Ադրբեջանը Թուրքիային ղարաբաղյան հակամարտությանը ներգրավելու փորձեր ձեռնարկի: Այս մասին հունիսի 12-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ բացատրելով, որ Նախիջեւանի անվտանգության երաշխավորը Թուրքիան է:
Ըստ Իգիթյանի՝ Արարատ-Նախիջեւան սահմանին զոհերն ու սադրանքները Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանի հետ անմիջական կապ չունեն: «Սա նշանակում է, որ Ադրբեջանը սադրանքների փորձ է ձեռնարկում երկրորդ ուղղությամբ: Երեւի կարծում է, որ ունի առիթ եւ իրավունք դա անելու: Ես չգիտեմ՝ ինչն է Ադրբեջանին դրդում նման քայլի դիմել: Չեմ բացառում , որ դա կարող է կապված լինել նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի, Ջեյմս Ուորլիքի հայտարարությունների հետ, նաեւ այն հանգամանքի, որ սպառազինության 80% -ը մատակարարում է Ռուսաստանը», - նշել է Հովհաննես Իգիթյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին հունիսի 5-ի ցերեկային ժամերին ադրբեջանցի դիպուկահարների կողմից հրադադարի խախտման արդյունքում հայ երկու զինծառայող էր սպանվել: Միջադեպը կատարվել էր Արարատ-Նախիջեւան սահմանին: Զոհվել էին 1988թ. ծնված Անդրանիկ Եղոյանը եւ 1992 թ. ծնված Բորիս Գասպարյանը:
Լուսանկարը Արսեն Սարգսյանի NEWS.am





























