Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 12-ին, Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է նախագահ Պուտինին եւ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին տոնի առթիվ: ՌԴ Նախագահին Հայաստանի նախագահը մաղթել է քաջառողջություն եւ հետագա հաջողություններ՝ նրա պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն, բարօրություն եւ բարեկեցություն:

Հանրապետության նախագահն ընդգծել է, որ հայ եւ ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերություններն այսօր վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության ոգով: Նախագահի խոսքով, քաղաքական արգասաբեր երկխոսությունը եւ միջպետական գործընկերության ռազմավարական բնույթը թույլ են տալիս համատեղ ջանքերով հասնել նշանակալի արդյունքների բոլոր ուղղություններով:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հիմնվելով ռազմավարական հարաբերությունների ամուր կապերի վրա՝ Հայաստանը եւ Ռուսաստանը հետեւողականորեն կխորացնեն առեւտրատնտեսական, ռազմատեխնիկական եւ հումանիտար համագործակցությունը՝ կառուցելով բազմապլան ինտեգրացիոն փոխգործակցություն՝ ի շահ երկու պետությունների քաղաքացիների բարօրության մեծացման: Դա, անկասկած, համապատասխանում է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովման հունով ընթացող մեր երկրների արմատական շահերին: