ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 12-ին, խորհրդարանում առաջարկել է Հայաստանում անցանկալի անձ հայտարարել ռուս հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսիլեւին, որը երեկ խորհրդարանում հանդիմանանքով նշել է, թե Հայաստանում ռուսերենը նահանջում է եւ Հայաստանը պետք է քայլեր անի, դա կանխելու համար:

Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Տիկնայք եւ պարոնայք, երեկ անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում։ Ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովը հայ-ռուսական խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ անհարգալից տոնով եւ ենթատեքստով հայտարարություններ է արել Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, հայ ժողովրդի նահատակների եւ հայոց լեզվի հասցեին։ Կարծում եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է քննարկի Դմիտրի Կիսելյովին ՀՀ տարածքում persona-non-grata (անցանկալի անձ) հայտարարելու մասին հարցը։ Փաստորեն դատապարտում եմ նաեւ նիստին ներկա ՀՀ ԱԺ պատգամավորների պահվածքը, որոնք չեն գտնվել անհրաժեշտ բարձրության վրա եւ կարծում եմ որ Հայաստանը պետք է բոլոր օտարերկրացիներին հստակ ուղերձ հղի որ նման պահվածք ունեցող յուրաքանչյուր օտարերկրացի արժանանալու է հստակ հակահարվածի»։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին, ԱԺ-ում հայ պատգամավորների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դմիտրի Կիսիլեւը հանդիմանական տոնով հայտարարել է, որ Հայաստանում ռուսերենը մոռանում են, որ Հայաստանում միայն երկու դպրոց կա ռուսական եւ հարց է ուղղել, թե ինչ են անում ՀՀ իշխանությունները այդ նահանջը կանխելու համար:

Նա վրդովվել է, որ Երեւանում տաքսու վարորդը ռուսերեն չի կարողացել հաշիվն ասել: Ի պատասխան հայ պատգամավորները սկսել են արդարանալ, թե Հայաստանում ռուսերենը չեն մոռանում: