Ոչ իշխանական ուժերի խորհրդարանական քառյակի կողմից ներկայացված 12 կետերը ռազմավարական տեսանկյունից էական փոփոխություններ չեն գրանցում: Տեսակետը հունիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսին ՀԱԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանն է հնչեցրել:
Նրա խոսքով, նշված ուժերի ներկայացուցիչներն ասում են, որ ներկայացված են այն կետերը, որոնց շուրջ կոնսենսուսի արդյունքում համաձայնություն է կայացվել: «Ես այդ փաստաթղթում այս ու այնտեղից վերցրած կետերի խճանկար եմ տեսնում: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համընդհանուր տնտեսական ռեժիմի խախտման դեմ որեւէ համաձայանգիր չստորագրելու պահանջի կողքին գյուղատնտեսական արտադրանքին առնչվող կետ է բերված: Ներկայացված կետերն արժեզրկում են մեկը մյուսին եւ փաստաթուղթը, որպես ամբողջություն, անիմաստ դարձնում», - նշել է Հովհաննես Իգիթյանը: Նրա համոզմամբ, ներկայացված 12 կետերն ընդամենը ցույց են տվել, որ ոչ իշխանական ուժերի քառյակը ընդհանուր մոդել եւ ռազմավարություն չունի: «Նրանց միայն մեկ բան էր միավորում` Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Ի՞նչ տարբերություն` Տիգրան Սարգսյանն է, Հովիկ Աբրահամյանը, թե՞` Գալուստ Սահակյանը», - նշել է նախկին խորհրդարանականը:
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանական ուժերի քառյակը հունիսի 10-ին իշխանություններին ուղղված 12 պահանջ է ներկայացրել, որոնք պետք է մինչեւ սեպտեմբերի 30-ը իրականացվեն:





























