Ոստիկանությունը հրապարակել է այսօր՝ հունիսի 12-ին, Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ գազային ատրճանակով ոստիկանների վրա կրակող երիտասարդի անունը:
Ոստիկանության հաղորդագրությունում ասվում է.
«Հունիսի 12-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Երեւան քաղաքի բնակիչ, 31-ամյա Հայկ Կ.-ն Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա եւ հայտարարել, որ մեքենայում ռումբ կա:
Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ:
Կան վիրավոր ոստիկաններ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Ատրճանակն առգրավվել է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել դատարանի բակում։ Մի երիտասարդ կանգնել է մեքենայի վրա՝ գազային ատրճանակը ձեռքին, ու հայտարարել. «Այստեղ ռումբ է տեղադրված, մեկը չկա՞, որի ինձ գա բռնի»:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները մոտեցել են նրան, փորձել իջեցնել մեքենայից, սակայն երիտասարդը հանել է զենքը ու սկսեց կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։
Ոստիկաններին հաջողվել է նրան վնասազերծել ու տանել ոստիկանություն։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























