Ճամայկայի իշխանությունները մտադիր են մասնակի օրինականացնել մարիխուանան` թույլատրելով այն պահել եւ օգտագործել կրոնական, գիտական եւ բժշկական նպատակների համար, փոխանցում է «Ասոշիեյթիդ փրեսս» գործակալությունը:
Արդարադատության նախարար Մարկ Գոլդինգը հայտնել է, որ կառավարությունն ընդունել է առաջարկությունը, ըստ որի` 57 գրամ մարիխուանա ունենալը կհամարվի մանր իրավախախտում եւ կպատժվի տուգանքով, այլ ոչ թե կալանքով: Նախարարը նաեւ հայտարարել է, որ քրեականորեն պատժելի հանցագործությունների շարքից վերացվելու է նաեւ մարիխուանան կրոնական նպատակներով օգտագործելը: Սա Ճամայկայում տարածված ռաստաֆարի կրոնական շարժման նշանավոր ձեռքբերումն է: Այդ աղանդի հետեւորդները կանեփ ծխելը քարոզում են` որպես հոգու մաքրության միջոց, սակայն մինչ այժմ դրա համար նրանց սպառնացել է կալանք եւ դատական հետապնդումներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Համապատասխան օրինագիծը պետք է հաստատի Ճամայկայի խորհրդարանը։ Ըստ դիտորդների՝ հավանություն ստանալու հետ կապված բարդություններ չեն ծագի, քանի որ մարիխուանայի օրինականացմանը կողմ են նաեւ շատ ընդդիմադիր քաղաքական գործիչներ։





























