«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման իսլամիստները հրապարակել են վարքագծի խիստ օրենսգիրք, որին պետք է հետեւեն զինյալների կողմից գրավված քաղաքների բնակիչները:
Այն նախատեսում է բոլոր մուսուլմանների համար պարտադիր այցելություն մզկիթ՝ ամենօրյա 5 աղոթքներն անելու, ինչպես նաեւ արգելում է ծխելը եւ ալկոհոլը:
Իսլամիստների կողմից չարտոնված հասարակական հավաքները արգելված են: Ոստիկանությանն ու զինվորներին հրամայված է հանձնվել, հակառակ դեպքում նրանց կսպանեն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կանայք պետք է «պարկեշտ» հագնվեն եւ տանից դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Երեքշաբթի «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները զավթել էին Մոսուլ քաղաքը, իսկ այնուհետեւ հարձակվել Թիքրիթի վրա: Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված էին փախչել Քուրդիստան, որտեղ տեղական իշխանությունները նրանց համար ժամանակավոր ճամբարներ են տեղակայել:





























