Ռուսական «Գազպրոմ»-ը «Ուկրաինայի Նաֆթոգազ» ընկերության համար ռուսական գազի մատակարարման կանխավճարի ռեժիմ է սահմանել: Ինչպես նախատեսվում էր պայմանագրով, որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 16-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով ընկերության հաղորդագրությանը:

«Որոշումը կայացվել է «Ուկրաինայի Նաֆթոգազ»-ի պարբերական չվճարման պատճառով: Ռուսական գազի մատակարարման դիմաց ընկերության ժամկետանց պարտքը կազմում է 4.458 մլրդ դոլար. 1.451 մլրդ դոլար՝ 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբերի եւ 3.007 մլրդ դոլար՝ 2014-ի ապրիլ-մայիսի համար»,- ասվում է «Գազպրոմ»-ի հաղորդագրությունում:

Նշվում է, որ հունիսի համար նույնպես վճարում չի կատարվել: Այսպիսով, այսօրվանից Ուկրաինան ռուսական գազ կստանա միայն վճարված ծավալների չափով:

Նշենք, որ գազային հարցով վերջին բանակցությունները Կիեւում ավարտվել են այս գիշեր: Հանդիպմանը մասնակցել են եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը, Ալեքսեյ Միլլերը եւ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Բանակցությունների արդյունքներով, ռուսական գազային ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հայտարարել է, որ Ռուսաստանը գազի դիմաց 1.9 մլրդ դոլարի չափով ժամկետանց պարտքը սպասում է մինչեւ հունիսի 16-ը, մոսկովյան ժամանակով ժամը 10-ը: