«Նավթոգազ Ուկրաինի»-ն ռուսական «Գազպրոմ»-ի դեմ հայց է ներկայացրել Սթոքհոլմի արբիտրաժային դատարան՝ պահանջելով Ուկրաինա մատակարարվող  գազի շուկայական արդարացի գնի  սահմանում, ասված է ուկրաինական ընկերության մամլո հաղորդագրությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ապրիլի 1-ից գազի գինը Ուկրաինայի համար 1000 խմ-ի դիմաց 268,5 դոլարից հասել է 485-ի: Կիեւը պնդում է պահպանել նախկին 268,5 դոլարի սակագինը:

«Հայցում «Գազպրոմ» ՍՊԸ-ից պահանջում են գանձել նաեւ գազի կանխավճարը,  որը «Նավթոգազ Ուկրաինի»-ն վճարել էր 2010թ.-ից», —ասվում է   հաղորդագրությունում: Ըստ «Նավթոգազ»-ի գնահատականների` այդ կանխավճարը կազմում է 6 միլիարդ դոլար:

Հունիսի 16-ին` ավելի վաղ, «Գազպրոմը» հայտնել էր, որ դիմել է Սթոքհոլմի միջազգային դատարան` «Նավթոգազ Ուկրաինա»-ի դեմ հայցով, որտեղ վերջինից պահանջում է 4,5 միլիարդ դոլար: Բացի դրանից, արդեն փոխանցվել է, որ ռուսական հոլդինգը հունիսի 16-ի 10.00-ից կիրառել է Ուկրաինա գազ մատակարարելու կանխավճարի ռեժիմ: Եվրոպական սպառողները ներկայումս լիարժեք ռուսական գազ են ստանում: