Պետք չէ Ռուսաստանի մասին դատել մեկ անձի հայտարարություններով, լրագրողների հետ զրույցում հունիսի 16-ին հայտարարել է Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վարդան Այվազյանը:
«Դուք խոսում եք Ռուսաստանի հետ հարաբերությունների բացասական կողմի մասին: Դրան տարբեր կերպ կարելի է վերաբերվել: Սակայն եթե դուք ցանկանում եք հասարակությանն ամբողջական պատկեր տալ, ապա չմոռանաք հավելել, որ Ռուսաստանը օգնում է ապահովել Հայաստանի էներգետիկ անվտանգությանը: Այնտեղից Հայաստան է գալիս տարեկան 2,2 միլիարդ դրամ: Ռուսաստանը Հայաստանի տնտեսության ամենախոշոր ներդրողն է: Վերջապես, Ռուսաստանում է ապրում ամենամեծ հայ համայնքը», - հայտարարել է Այվազյանը:
Դա չի նշանակում, որ Հայաստանը չի կարող ապրել առանց Ռուսաստանի, սակայն չի կարելի թերագնահատել նաեւ նրա հետ ռազմավարական գործընկերության նշանակությունը:
Հիշեցնենք, մի քանի օր առաջ ԱԺ-ում հայ պատգամավորների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռուս հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը հանդիմանական տոնով հայտարարել էր Հայաստանում ռուսերենի դերի նվազման անթույլատրելիության մասին: Դրանից, հավելել էր նա, կախված է Հայաստանի ազգային անվտանգությունը: Թեեւ Կիսելյովը պաշտոնական իշխանությունների ներկայացուցիչ չէ, մի շարք ՀԿ-ներ եւ քաղաքական գործիչներ նրա հայտարարությունը ընկալել էին որպես Հայաստանը ռուսիֆիկացնելու՝ Կրեմլի թաքնված մտադրություն:




























