Կառավարության նոր ծրագրի դրույթների իրականացումը բոլորիս համար պետք է դառնա առաջնահերթ խնդիր, սակայն մեր անելիքներն առավել ընդգրկուն են, մենք ոլորտում ունենք բազմաթիվ այլ ծրագրեր եւ հիմնահարցեր, որոնք ի լրումն պետք է իրականացնենք: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, հայտարարել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը աշխատանքային խորհրդակցության ընթացքում՝ նախարարության աշխատակազմին ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտին վերաբերող հատվածը:
Մինչ բովանդակային խնդիրներին անդրադառնալը, նա ներկայացրել է քաղաքաշինության նախարարի նորանշանակ տեղակալներ Արամ Բադալյանին եւ Արմեն Ղուլարյանին՝ կարեւորելով վերջիններիս մասնագիտական կրթությունը եւ անցած ճանապարհը, հույս հայտնելով, որ նրանց գործունեությունը դրականորեն կանդրադառնա ոլորտի վրա:
Կառավարության նոր ծրագրով հաստատված՝ քաղաքաշինության եւ ճարտարապետության առաջնահերթությունների մասին խոսելով, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշել է, որ առանձին ոլորտները կհամակարգեն դրանց համար պատասխանատու փոխնախարարները:
Անդրադառնալով կառավարության ծրագրում ներառված` ապօրինի շինարարության դեմ պայքարի հիմնահարցին, նա հանձնարարել է քաղաքաշինության պետական տեսչությանը` ներկայացնել պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, անհրաժեշտության դեպքում նաեւ` օրենսդրական փոփոխություններ:
Քաղաքաշինության նախարարը հանձնարարել է բոլոր պատասխանատուներին մասնագիտական եւ հանրային կառույցների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում ներկայացնել ոլորտի խնդիրների լուծման բարելավմանն ուղղված առաջարկություններ:





























