ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր՝ հունիսի 18-ին, հանդիպել է Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ ներկայացուցիչներին՝ Կենտրոնական և Միջին Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Քլաուս Գերհաուզերի գլխավորությամբ: 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում ԱԶԲ-ի ներկայացուցիչները Գագիկ Բեգլարյանին ներկայացրել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ներկայիս իրավիճակի իրենց գնահատականը, առաջացած տեխնիկական խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները, հստակեցրել ապագա աշխատանքների ծրագրերը:

Գագիկ Բեգլարյանը կարևորել է Տրանշ 3-ի փաստաթղթային և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը:

 «Մեզ անհրաժեշտ է ԱԶԲ-ի համագործակցությունը՝ խորհրդատվական և փաստաթղթային աշխատանքներն արագ կազմակերպելու և Երրորդ տրանշի մրցույթ հայտարարելու համար: Անչափ կարևոր է գործընթացի ճիշտ կազմակերպումը: Անհրաժեշտ է գործադրվող բոլոր ջանքերը կրկնապատկել, լինել հետևողական՝ նախկինում առաջացած խնդիրները Երրորդ և Չորրորդ տրանշերում բացառելու համար»,-ասել է նախարարը:

Քլաուս Գերհաուզերը խնդրել է նախարարության աջակցությունը՝ կապված հողերի օտարման գործընթացի արագացման հետ։ Նա նշել է, որ այդ խնդիրը խոչընդոտներ կարող է առաջացնել Երրորդ տրանշի շինարարության մեկնարկի համար: Նախարարն ընդգծել է, որ հողերի օտարման գործընթացում, անշուշտ, կան դժվարություններ, քանի որ գործ ունեն բնակիչների հետ, սակայն վստահեցրել է, որ նախարարությունն ամեն ինչ կանի այդ աշխատանքները հնարավորինս արագացնելու համար: