Հարավկովկասյան երկաթուղում վերազինումից հետո հունիսի 18-ին շահագործման է հանձնվել երկու արտադրական հանգույց՝ Սանահինի մեխանիզացված ուղեմասը և Երևանում գտնվող Ուսուցման ճանապարհային կենտրոնը, որտեղ ստեղծվել է նոր ուսումնատեխնիկական հրապարակ: Այս մասին հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը։

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը, Ռուսական երկաթուղիներ ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, բարձրաստիճան այլ հյուրեր:

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անունից շնորհավորել է հայ երկաթուղայիններին նման նշանակալի և կարևոր իրադարձության կապակցությամբ: «Հայաստանի երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքն այսօր համալրվում է նորագույն բաղադրիչներով, իսկ հայ երկաթուղայինների աշխատանքային պայմանների բարելավման մասին ավելորդ է ասել: Տրանսպորտի և կապի նախարարությունը երկաթուղային տրանսպորտային համակարգը չի ընկալում որպես պետության առանձին տրանսպորտային համակարգ և շահագրգռված է նրա արդյունավետ գործունեության ծավալմամբ»,-նշել է Առաքելյանը:

Վերակառուցման առաջին փուլի շրջանակներում կատարվել է Դեպոյի շենքի և արտադրամասերի վերանորոգում և վերականգնում։ Երկրորդ փուլի շրջանակներում տեղադրվել են հատուկ տեխնիկական սարքավորումներ, կառուցվել է երկաթուղային խոշոր տեխնիկայի վերանորոգման և տեղակայման համար նախատեսված հատուկ ծածկ: Երևանում գտնվող Ուսուցման ճանապարհային կենտրոնի վերազինումն ուղղված է երկաթուղու աշխատողների տեխնիկական ուսուցման մակարդակի կատարելագործմանը: Կենտրոնը հագեցած է ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, դասագրքերով, լոկոմոտիվային բրիգադների  պրակտիկ դասընթացների համար առկա է նաև  հատուկ ուսումնավարժական լոկոմոտիվը:

Մինչ Սանահինի մեխանիզացված ուղեմասի և Երևանի Ուսուցման ճանապարհային կենտրոնի բացումը տեղի է ունեցել Հարավկովկասյան երկաթուղիներ ՓԲԸ-ի հիմնադիրների ընդհանուր ժողովը,  որտեղ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանի թեկնածությունը հաստատվեց «ՀԿԵ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամների կազմում: