Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգ է մեկնել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ մասնակցելու 4-րդ Միջազգային իրավական համաժողովին:

Այս համաժողովը համարվում է խոշորագույն հարթակ՝ աշխարհի տարբեր երկրների տնտեսական, քաղաքական եւ իրավական կարեւոր հարցերի քննարկման համար:

Համաժողովի ընթացքում զեկույցով հանդես է եկել ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը՝ ներկայացնելով Հայաստանի ինտեգրման գործընթացը Մաքսային միությանն անդամակցության շրջանակում: Ա. Շաբոյանը անդրադարձել է նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող երկրների մրցակցային մարմինների փոխգործակցությանը: Մասնավորապես, նա նշել է, որ անհրաժեշտ է Մաքսային միությանն անդամակցող երկրների միջեւ ստեղծել տեղեկատվության փոխանակման միասնական բազա, ինչն առավել վերահսկելի կդարձնի հատկապես անբարեխիղճ տնտեսվարողների գործունեությունը: Այդ երկրներից մեկում իրավախախտում թույլ տված ընկերության վարքագիծը տեսանելի կլինի նաեւ մյուսների համար:

Ա. Շաբոյանը նշել է նաեւ, որ նման բազայի միջոցով կլուծվի նաեւ ապրանքային նշանների գրանցման հետ կապված խնդիրը, ինչի հետ Հանձնաժողովը հաճախ է առնչվում: Գրանցելով այս կամ այն ապրանքային նշանը որեւէ երկրում, տվյալ տնտեսվարողը փորձում է շուկայից դուրս մղել եւ թույլ չտալ, որպեսզի այն օգտագործվի որեւէ այլ ընկերության կողմից: Այսպիսով սահմանափակվում է մրցակցությունը տվյալ շուկայում եւ մուտքի խոչընդոտ է ստեղծվում տասնյակ տնտեսվարողների համար: ՏՄՊՊՀ նախագահն առաջարկել է բոլոր երկրների ներսում ստեղծել հստակ մեխանիզմներ՝ հարցի կարգավորման համար:

Ելույթում Ա. Շաբոյանը անդրադարձել է նաեւ մեր երկրի մրցակցային օրենսդրության փոփոխություններին, պետական գնումների շրջանակներում իրականացված աշխատանքներին, ապրանքային նշանների գրանցման հետ կապված խնդիրներին, ինչպես նաեւ բնական մենաշնորհների ոլորտում որոշակի կանոնակարգման հարցերի:

Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւը իր գոհունակությունն է հայտնել ներկայացված առաջարկների վերաբերյալ եւ նշել, որ առաջիկայում համատեղ աշխատանքներ կտարվեն՝ բարձրացված հարցերի կանոնակարգման եւ իրականացման համար:

Տեղեկացնենք, որ Համաժողովին մասնակցում են աշխարհի ավելի քան 65 երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ:/