Հուլիսի 1-ից ԼՂՀ-ում կբարձրացվեն աշխատավարձերը: Այս մասին նշվել է ԼՂՀ կառավարության նիստում: Այդ կապակցությամբ կառավարության նիստում սահմանվել են պետական կառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, համայնքների ղեկավարների եւ նրանց աշխատակազմերի աշխատողների, ԼՂՀ պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկների եւ կազմակերպությունների, կրթության եւ գիտության համակարգի կրթադաստիարակչական հիմնարկների եւ կազմակերպությունների առանձին կատեգորիաների աշխատողների, ինչպես նաեւ առողջապահության համակարգի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները: ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանի խոսքով` հանրապետությունում հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կլինի 50 հազար դրամ, հաշվարկման հիմքում օգտագործվել են ՀՀ-ում գործող գործակիցները: Եթե աշխատողի` նոր համակարգով հաշվարկված պաշտոնային դրույքաչափը ցածր է գործող պաշտոնային դրույքաչափից, ապա կպահպանվի գործող դրույքաչափը, իսկ նախորդ տարիներին առանձին ոլորտներում կատարված բարձրացումները կհամահարթեցվեն: Հաշվարկների համաձայն` այս մեխանիզմով մոտակա տարիների ընթացքում միասնական համակարգը կսկսի գործել լիարժեք, այսինքն՝ բոլոր առկա տարբերությունները կվերանան նվազագույն աշխատավարձի աճին զուգընթաց: Ակնկալվում է բոլոր ճյուղերում բարձրացնել աշխատանքի եւ մատուցվող ծառայությունների որակը: Այս կարեւորագույն խնդրի լուծման նպատակով ամսական շուրջ 650 մլն դրամ է հատկացվելու պետական բյուջեից` 19,5 հազար շահառուների համար:
Մասնավորապես, կրկնապատկվելու են համայնքների ղեկավարների աշխատավարձերը, իսկ ուժային կառույցներում դրանք համապատասխանեցվելու են պաշտպանության նախարարության համապատասխան գործակիցներին:
Կարեւորելով աշխատավարձերի բարձրացման գործընթացը` ԼՂՀ վարչապետը նշել է, որ կյանքի է կոչվում նախագահի նախընտրական եւ կառավարության գործունեության ծրագրերի հիմնական դրույթներից մեկը: Ա. Հարությունյանի գնահատմամբ` աշխատավարձերի բարձրացմամբ կմեղմվի սոցիալական լարվածությունը, եւ կբարձրանա բնակչության կենսամակարդակը: Այդ համատեքստում կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ 2014թ. հունվարի 1-ից աշխատանքային կենսաթոշակի հավելաճը կազմել է 17,6 տոկոս: Սոցիալական վիճակի բարելավմանը զուգահեռ կնվազի արտագնա աշխատանքի նպատակով հանրապետությունից մեկնողների թիվը, իսկ պետական կառավարման համակարգը կդառնա առավել մրցունակ:
Կառավարության ղեկավարը նշել է նաեւ, որ աշխատավարձային նոր քաղաքականությունը մեծ գումարներ է պահանջում: Նա հորդորել է կանոնակարգել ծախսերը եւ աշխատել պետական բյուջեի մուտքերը ավելացնելու ուղղությամբ:
Գործադիր իշխանության ղեկավարը այս ամենը, սակայն, բավարար չի համարել, որովհետեւ նվազագույն աշխատավարձը դեռեւս շարունակում է ցածր մնալ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից. այդ ուղղությամբ անելիքները դեռեւս շատ են,- շեշտել է նա: Աշխատավարձերի բարձրացման բացասական հետեւանքներից առանձնացնելով գնաճն ու հատկապես մասնավոր հատվածում հնարավոր կրճատումները, վարչապետը նշել է, որ դրանք կանխելու համար կօգտագործվեն լծակներ թե’ պետական, թե’ հասարակական հատվածներում: Նրա խոսքով` անհրաժեշտ է բանակցել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, որպեսզի այստեղ իրականացվող աշխատավարձային քաղաքականությունը եւս համահունչ լինի բարեփոխումներին: Աշխատավարձերի տարեցտարի բարձրացման տեմպերը, վարչապետի համոզմամբ, պետք է գերազանցեն գնաճի տեմպերին: Այսպես` 2015թ. նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 10 տոկոսի բարձրացում եւս: Աշխատավարձերի նկատելի բարձրացման մասին իր խոսքը կառավարության ղեկավարն ավարտեց բոլորին ուղղած շնորհավորանքով` համարելով այն կարեւորագույն քայլ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհին:




























