Խորհրդարանը սկսել է քննարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծերը, հայտարարել է ՀՀ աշխատանքի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ներկայացնելով օրինագիծը: Ըստ նրա՝ փոփոխությունների նպատակն է օրենքը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշման պահանջներին, ինչպես նաեւ հաշվի առնել հասարակության բազմաթիվ բողոքները, որոնք արվել են անցած ամիսներին: Գլխավոր փոփոխությամբ առաջարկվում է պարտադիր կուտակային վճարումը փոխարինել պետբյուջե մուտքագրվող սոցիալական նպատակային վճարով: Ըստ Ասատրյանի՝ այդպիսով վերանում են Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված հակասությունները, որոնք կուտակային վճարումները հակասահմանադրական էին հռչակել:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը գործելու է պետական հատվածի, աշխատողների համար, մասնավոր հատվածի աշխատակիցները կարող են մասնակցել կամավոր՝ մինչեւ 2017 թ. հուլիսի 1-ը: Դրանից հետո պարտադիր բաղադրիչը կտարածվի նաեւ նրանց վրա:
Սահմանադրությանը հակասող էր ճանաչվել նաեւ կենսաթոշակային հիմնադրամների գործունեության կարգավորումը ենթաօրենսդրական ակտերով: Այսպես, ներկայիս կարգով կենսաթոշակային հիմնադրամների կառավարման կարգը սահմանում է կառավարությունը: Ռիսկերի կառավարման համակարգը, ինչպես նաեւ ակտիվների կառավարման ներդրումային սահմանափակումները կառավարվում են ԿԲ-ի կողմից:
Քանի որ անձի իրավունքը պետք է կարգավորվի եւ պաշտպանվի միայն օրենքով, բոլոր կարգավորող ակտերը ներառված կլինեն օրենքներում:
Հիշեցնենք, օրեր առաջ «ԴԵ!Մ ԵՄ» շարժման ակտիվիստները հայտարարել էին, որ շտկումները զուտ ձեւական բնույթ են կրում եւ սկզբունքային հարցին լուծում չեն տալիս՝ չեն կասեցնում կուտակային բաղադրիչը, եւ խոստացել են բոլոր օրինական միջոցներով պայքարել օրենքի ընդունման դեմ:





























