«Երեխաների միամսյակ» ծրագրի շրջանակում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ը հունիսի 18-ին Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքում վերաբացել է կապիտալ վերանորոգված ցերեկային ստացիոնար սենյակն ու դրան հարող հիվանդանոցային տարածքը։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ից, նորոգված տարածքը համալրվել է նաեւ նոր կահավորանքով եւ բանկի կողմից ձեռք բերված բժշկական սարքավորումներով (պերֆուզատոր):
Ցերեկային ստացիոնար սենյակում բուժվում են ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ-ը, մշտապես հավատարիմ մնալով իր կարգախոսին, առանձնակի ուշադրություն է դարձնում երեխաներին, քանի որ առաջին հերթին նրանց համար է կերտվում ապագայի հուսալի ճանապարհը: Իսկ այսօր մեծ ուրախությամբ եւ պատրաստակամությամբ փորձում ենք օգտակար լինել հատկապես առողջական խնդիրներ ունեցող երեխաներին», - նշել է բանկի վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:
Բանկի աշխատակիցները խաղասրահի համար երեխաներին նվիրել են խաղալիքներ եւ մանկական գրքեր, իսկ ստացիոնար սենյակի համար՝ հեռուստացույց:
Միջանցքի վերանորոգումը կատարվել է վառ գույներով՝ նպատակ ունենալով մի փոքր զվարթություն ապահովել հիվանդ երեպխաների համար։ Պատերին հայտնի մուլտհերոսների պատկերներն ու երեխաների ձեռագործ նկարներն են փակցված, որոնք շրջանակվել են բանկի կողմից։
Հատկանշական է, որ ծրագրի իրականացումն անմիջական կապ ունի «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ ավանդատու հաճախորդների հետ, որոնց կողմից ներդրված յուրաքանչյուր «ՀՈՒՍԱԼԻ ԱՊԱԳԱ» կամ «ԲԱՐԻ ԿԱՄՔ» ժամկետային ավանդի գումարի 0.1%-ի չափով, բանկն իր միջոցների հաշվին, փոխանցում է կատարել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հատուկ հաշվին եւ գոյացած միջոցներով էլ նախաձեռնել է բարի գործ երեխաների համար:


































