Պետք չէ աղբի անունը մեղր դնել, դրանից ոչինչ չի փոխվի, հունիսի 20-ին խորհրդարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա՝ այժմ կառավարությունը մտադիր է կոտրել այն ոգեւորությունը, որը հանրությունն ապրեց ՍԴ ապրիլի 2-ի որոշումից հետո: «Ստացվում է, որ նոր օրինագծում կուտակային հիմնադրամների արտասահմանցի կառավարիչների եւ եւս մի քանի մարդու մանր շահերը դուք վեր եք դասել ամբողջ երկրի քաղաքացիների շահերից», - հայտարարել է Մինասյանը:
Ըստ նրա՝ ապրիլի 2-ից հետո մարդկանց հաղթանակի բերկրանքը կարելի է համեմատել երեւի ֆուտբոլային այն հանդիպման հետ, որտեղ Հայաստանը կհաղթի Թուրքիային: Իսկ այժմ ամեն ինչ նախկինի պես է. կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը ուժի մեջ է մնում պետաշխատողների համար, իսկ մյուսների համար ուժի մեջ կմտնի երեք տարի հետո:
«Կարծում եք, որ դուք՝ որպես մեծամասնություն, կարող եք ցանկացած օրինագիծ անցկացնել, որը կամենա՞ք: Դե ինչ, անցկացրեք: Վերջում կստանաք դատարկ երկիր»,- հայտարարել է Մինասյանը:




























