Հասկանալի չէ, թե ինչու է կուտակային կենսաթոշակների մասին օրենքն ընդունվել երեք տարի առաջ, իսկ ընդդիմությունն այդ մասին միայն վերջերս է հիշել: Այս մասին հունիսի 20-ին խորհրդարանում հայտարարել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:
«Երեք տարի դուք լուռ ապրում էիք: Իսկ հիմա հանկարծ սկսել եք անհանգստանալ: Ի՞նչն է ձեզ այդքան վառում»,- հայտարարել է Այվազյանը: Նա նկատել է, որ աշխատող շուրջ 1 մլն քաղաքացիներից նոր համակարգը տարածվելու է միայն 100 հազար պետական ծառայողների վրա, բայց պետությունը պատասխանատու է նրանց բարեկեցության համար եւ հուլիսի 1-ից բարձրացնելու է նրանց աշխատավարձերը:
«Սա փորձնական ծրագիր է, եւ պատասխանատու ծրագիր: Իսկ դուք, եթե այդքան անհանգստանում եք քաղաքացիների համար, ինչո՞ւ հետ կանչեցիք սկսնակ ՏՏ ընկերությունների մասին օրենքը: Ինչո՞ւ փախաք դահլիճից եւ տապալեցիք քվորումը: Իսկ հետո գնացիք ակտիվիստների մոտ եւ ասացիք. տեսեք, մենք տապալեցինք կենսաթոշակների մասին օրենքը: Դուք տապալել եք տնտեսության համար արտոնությունների մասին օրենքը, ինչի մասին ինքներդ այդքան խոսում էիք: Հիմա կողմնորոշվեք, դուք մարդկանց մասի՞ն եք մտածում, թե՞ ձեր հավակնությունների եւ նվազող ընտրազանգվածի»,- հայտարարել է Այվազյանը:




























