Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է կուտակային կենսաթոշակների օրենքի մասին փոփոխությունները: ՀՅԴ եւ ՀԱԿ ընդդիմադիր խմբակցությունները երկու անգամ պահանջել են ձայների վերահաշվարկ, սակայն նրանց խնդրանքը չի բավարարվել:

Օրինագիծն ընդունվել է 67 կողմ ձայներով, թեեւ այդ պահին, ըստ ընդդիմադիր պատգամավորների, նիստերի դահլիճում ներկա է եղել 64 ՀՀԿ-ական պատգամավոր:

Հիշեցնենք, որ ոչ իշխանական քառյակի ուժերը («Ժառանգություն», ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ) մի քանի անգամ նոր օրինագծի դեմ են հանդես եկել՝ պատճառաբանելով, որ այդ փոփոխությունները միայն կոսմետիկ բնույթ են կրում: Մասնավորապես, քառյակի դժգոհությունը պայմանավորված էր նրանով, որ պարտադիր կուտակային վճարումները օրենքում ֆինանսական իմաստով պահպանվել են, փոխվել է միայն ձեւակերպումը. դրանք վերափոխվել են պետական ծառայողների համար պարտադիր սոցիալական վճարումների: Մասնավոր հատվածի աշխատողների համար օրենքը ուժի մեջ կմտնի 2017թ հուլիսի 1-ից: