Ոստիկանության Մասիսի բաժնում, հունիսի 20-ին, ժամը 04.30-ին, հաղորդում է ստացվել, որ տաքսի ավտոմեքենայով Արգավանդ գյուղ գնացած անծանոթները մտել են տներից մեկը` գողության, սակայն ձայներից արթնացած հարեւաններից վախենալով` դիմել են փախուստի, իսկ ավտոմեքենան եւ վարորդը գյուղացիների մոտ են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով` մի ամառանոցից գողացել են շինանյութ:

Գողոնը հայտնաբերվել է «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայի սրահում:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության հատուկ պահպանման վայր, իսկ վարորդ Աշոտ Ջ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Սեփականատիրոջը պատճառված վնասի չափը պարզվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողություն կատարողի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: