«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որտեղ անդրադառնում են քաղաքի կենտրոնում «Հին քաղաք» ստեղծելու նախագծին:

Բաց-նամակում, մասնավորապես, ասվում է.

«Երեւան քաղաքում միշտ քանդվում են տարբեր տեսակի պատմամշակութային ճարտարապետական հուշարձաններ, պատկան մարմինները հայտարարում են, որ այդ շենքերը հավաքվելու են քաղաքի կենտրոնում ստեղծվելու է «Հին քաղաք», իսկ շենքերը վերակառուցվելու են այդ տարածքում:

Նախագծի մասին խոսվում է արդեն շուրջ 10 տարուց ավելի, սակայն մինչեւ այժմ որեւէ քայլ չի կատարվել այդ ուղղությամբ: Բացի այդ, ԶԼՄ-երով ժամանակ առ ժամանակ հայտնվում են տեղեկություններ, թե ինչ անխնամ վիճակում են գտնվում այդ քանդված շենքերի մնացորդները, որոնք պետք է վերակառուցվեն:

Կարեւորելով մեր պատմամշակութային ժառանգության պահպանությունը, մենք առաջարկում ենք ստեղծել պատասխանատվության ինստիտուտ, ինչի արդյունքում յուրաքանչյուր որոշում կայացնող, մասնագետ, փորձագետ կամ այլ պատասխանատու անձ կունենա իր պատասխանատվության մասը` եթե  ապագայում դրանք չվերակառուցվեն կամ չվերանորոգվեն: Առաջարկում ենք նաեւ արգելել, որ նմանատիպ շինությունները քանդվեն կամ տեղափոխվեն իրենց բնական միջավայրից, իսկ արդեն քանդվածները պետք է անհապաղ վերակառուցվեն ու վերականգնվեն:

Ճիշտ է՝ այս դիմումը ուղղում ենք կոնկրետ Հին Երեւան նախագծի համար, բայց այն կարող է ավելի լայն տարբերակ դառնալ ու վերաբերվել Հայաստանի նմանատիպ արժեքներին: Որպես պատասխանատվության միջոց մենք դիտարկում ենք գույքային բռնագանձումներից մինչեւ ազատազրկում, եթե պատասխանատուների հանցավոր անփութության կամ սխալի դեպքում դրանք ոչնչանան: Նման օրենքի ընդունումը թույլ կտա ապահովել այս հուշարձանների գոյությունը եւ դրանց փոխանցումը մեր ապագա սերունդներին:

Ակնկալում ենք Ձեր հստակ դիրքորոշումն այս հարցում: Պատրաստակամ ենք օգնելու նախագծի մշակման աշխատանքներին»: