Հունիսի 15-21-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հավաքը, ավարտելով իր աշխատանքը, հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է.
«Մենք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններս, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 15-21-ը հավաքվեցինք միաբանական ժողովի համայն հայության հոգեւոր կենտրոնում` աղոթական եւ եղբայրական սիրո մթնոլորտում: Միասնաբար աղոթեցինք մեր Հայրենիքի եւ առաքելահիմն Սուրբ Եկեղեցու անսասանության ու պայծառության, մեր հավատավոր ժողովրդի բարօրության եւ բարգավաճման համար` հայցելով ամենակարող Աստծո օգնականությունն ու օրհնությունը:
Ժողովական այս օրերին, խորհրդածության նյութ ունենալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, նաեւ այցելեցինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարության հույսով եւ հավատով աղոթելով անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Հոգեւոր մխիթարությամբ արձանագրեցինք, որ 2013 թ. Սուրբ Էջմիածնում գումարված Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը որոշել է սրբադասել Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակներին:
Իջման Ս. Սեղանի առջեւ նորոգեցինք մեր միաբանական ուխտը` առավել նախանձախնդրությամբ եւ հավատով իրականացնելու մեր առաքելությունն աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում:
Գոհունակությամբ ենք փաստում հոգեւոր-եկեղեցական կյանքում վերջին շրջանում արձանագրված հաջողություններն ու ձեռքբերումները եւ Եկեղեցու գործուն ներգրավվածությունը մեր հասարակական կյանքի զանազան բնագավառներում: Մենք նաեւ քաջ գիտակից ենք, որ հայ հանրության առջեւ ծառացած բարոյական եւ ընկերային մարտահրավերները դիմագրավելու, ինչպես նաեւ հոգեւոր-եկեղեցական կյանքում տեղ գտնող սայթաքումները շտկելու համար Հայ Եկեղեցու սպասավորներից պահանջվում է առավել ջանք ու եռանդ, աստվածսիրության եւ հայրենանվիրումի անկոտրում ոգի:
Այս առումով մենք ողջունում ենք անաչառ եւ կառուցողական քննադատությունը, սակայն, ցավոք, հաճախ նաեւ հնչում են անհիմն մեղադրանքներ, տեսանելի է ուղղորդված հակաեկեղեցական քարոզչություն Հայ Եկեղեցու եւ միաբանության հասցեին: Հորդորում ենք մեր ժողովրդին` տուրք չտալ շինծու այդ գնահատականներին եւ շարունակել գործուն եւ հանձնառու մասնակցություն բերել եկեղեցական կյանքից ներս` ի փառս Աստծո եւ ի նպաստ Մայր Եկեղեցու զորացման ու շենացման: Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը եղբայրական սիրո ու նախանձախնդիր ծառայության ուխտի մեջ պիտի շարունակի իր առաքելությունը` ավետարանական լույս պատվիրանների սերմանմամբ կանխելու անցանկալի երեւույթները ազգային-եկեղեցական կյանքում:
Հայ Եկեղեցին իր պատմական փորձառությամբ, ամբարած իմաստությամբ եւ ստեղծած մշտամնա արժեքներով ազգային կյանքում եղել է եւ այսօր էլ մնում է հայ մարդու ինքնության պահպանության եւ քրիստոնեական արժեհամակարգի կենսագործման հիմնական երաշխավորը:
Մենք` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններս, գիտակից մեր կոչմանն ու առաքելությանը, միասնական ոգով ու կամքով վերահաստատում ենք մեր անվերապահ հավատարմությունը եւ անմնացորդ սերը Սրբություն Սրբոց աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ազգիս հոգեւոր հոր` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ»:





























