Ոչ իշխանական քառյակը հաջորդ շաբաթ քննարկումներ կանցկացնի պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության անդամների հետ եւ, չի բացառվում, որ նրանք կրկին դիմեն Սահմանադրական դատարան: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ի շենքի մոտ լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության Արծվիկ Մինասյանը:
«Մենք պատրաստ ենք ցանկացած նախաձեռնության, մինչեւ վերջ գնալու, որովհետեւ սա սկզբունքային հարց է: Սա մեր քաղաքացիների, մեր պետության, մեր արժանապատվության հարցն է: Իսկ արժանապատվությունը պետք է պահել մինչեւ վերջ: Ոչ թե մեծամասնության առանձին ներկայացուցիչների պես. օրվա կեսն արժանապատիվ, կեսը՝ անարժանապատիվ»,-ասաց Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ այսօր ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փաթեթը չի համապատասխանում սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:





























