Հունիսի 18-ին Կուբայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահ Սալվադոր Վալդես Մեսային: 

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հավատարմագրերի հանձման արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց, որին մասնակցել է նաև Կուբայի արտգործնախարարի առաջին տեղակալ Մարսելինո Մեդինա Գոնսալեսը:

Կուբայի Պետական խորհրդի փոխնախագահը, գոհունակություն հայտնելով Կուբայում Հայաստանի դեսպանի հավատարմագրման փաստի վերաբերյալ, դեսպանին մաղթել է հաղոջություն առաջիկա աշխատանքներում և հույս հայտնել, որ այսուհետ երկկողմ հարաբերությունները կստանան նոր բովանդակություն:

Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխգործակցության հեռանկարները, մասնավորապես տնտեսական, գիտակրթական և մշակութային բնագավառներում:

Դեսպան Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հավաստիացրել, որ ջանք չի խնայի հայ-կուբայական հարաբերությունների ամրապնդման և դրանք որակական նոր մակարդակի բարձրացնելու համար:

Դրա նախորդ օրը՝ հունիսի 17-ին, դեսպան Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Կուբայի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Աբելարդո Մորենո Ֆերնանդեսի հետ, որի ընթացքում վերջինս գոհունակությամբ անդրադարձել է Հայաստանի դեսպանի հավատարմագրման փաստին և հույս հայտնել, որ այն մեծապես կնպաստի երկկողմ ավանդական բարեկամական հարաբերությունների խորացմանը: 

Քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները: Հանդիպմանը փոխնախարարն ընդգծել է, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` 2014թ. հունվարին կայացած այցը և երկու երկրների ԱԳ նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք են հաղորդել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: