56 տարեկանում սրտի կաթվածից հանկարծամահ է եղել «Տոնուս» շինարարական ընկերության սեփականատեր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանը: Նա ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2007 թվականի մայիսի 12-ին, թիվ 3 ընտրատարածքից:
Աշոտ Տոնոյանը ծնվել է 1958թ. մարտի 5-ին, Երեւանում: 1976-1978թ.թ. ծառայել է խորհրդային բանակում: 1974-1976թ.թ. աշխատել է ՀԽՍՀ թեթեւ արդյունաբերության մինիստրության հաշվիչ կենտրոնում` որպես տեխնիկ, 1978-1985թ.թ.` «Ռելե» գործարանում, որպես կարգավորող վարպետ: 1985թ. հիմնադրել է «Երամ» սննդի կոոպերատիվը: 1991-1996թ.թ. աշխատել է «Տիգրիս» շինարարական կոոպերատիվում` որպես գլխավոր ինժեներ: 1996թ. հիմնադրել է «Ռոբերտ» շինարարական ՍՊԸ-ն եւ զբաղեցրել տնօրենի պաշտոնը: 2002թ. հիմնադրել է «Տոնուս» շինարարական ՍՊԸ-ն, որը 2006 թվականից նաեւ «Ռոբերտ» ՍՊԸ-ի իրավահաջորդն է:
2006թ. մայիսի 19-ին ընտրվել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի պատվավոր անդամ: 2006թ. հայ-ուկրաինական սպորտային կապերի զարգացմանը մատուցած ծառայությունների համար Ուկրաինայի նախագահի կողմից պարգեւատրվել է հուշամեդալով, իսկ Հայաստանում օլիմպիական շարժման զարգացմանը մատուցած ծառայությունների համար` ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանով: 2007թ. Վանաձորի «Սանահին» կառավարման ինստիտուտի ատեստացիոն հանձնաժողովի որոշմամբ նրան շնորհվել է «Սանահին» կառավարման ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչում, Ասպետների միջազգային միության կողմից` ասպետի կոչում: Նաեւ Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում ուներ:
ՀՀ քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի եւ «Զեյթուն» մարզական ակումբի պատվավոր նախագահ էր, «WPKA» քիքբոքսինգի աշխարհի ֆեդերացիայի կազմխորհրդի եւ «Inernational Police-Motor Corporations» միջազգային կազմակերպության անդամ, «Սոզվեզդիա» միջազգային գիտական, մշակութային, սպորտային կազմակերպության խորհրդի անդամ:
Հանկարծամահ է եղել «Տոնուս» ընկերության սեփականատեր Աշոտ Տոնոյանը

Տեղադրություն




























