Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում Հրազդան գետում հունիսի 22-ին խեղդված 16-ամյա Մհեր Խաչատրյանը տան միակ երեխան էր, իսկ դեպքը տեղի է ունեցել մոր աչքերի առաջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամավանի գյուղապետ Մնացական Վարդանյանը:
«Մհերը գետում լողանալիս է խեղդվել, մայրն էլ կողքին է եղել այդ պահին: Ուղղակի այդ գետը շատ վտանգավոր է, սա արդեն 78-րդ զոհն է»,- ասաց նա:
Մհերը փոխադրվել էր 12-րդ դասարան, տան միակ երեխան էր. մեկ ամսականում ծնողները մանկատնից էին վերցրել:
«Մայրը դպրոցի հաշվապահն է, հայրն էլ գյուղատնտեսությամբ է զբաղվում, տան միակ երեխան էր, բայց նման դժբախտություն պատահեց»,- ավելացրեց Մնացական Վարդանյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 22-ին, ժամը 10.23-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում մոտ 16 տարեկան երեխա Հրազդան գետն է ընկել: Ժամեր անց փրկարարները գետին հանել էին երեխայի դին:





























