Հյուսիսային պողոտայի նորոգումը կավարտվի օգոստոսի վերջին: Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, շինարարությունն իրականացնող ընկերության տնօրենի ուղեկցությամբ շրջել է շինհրապարակում, որտեղ տեղումնառատ եղանակից հետո աշխատանքները շարունակվում են ողջ ծավալով։
«Հյուսիսային պողոտայում ընթացող հիմնանորոգման աշխատանքների մասին յուրաքանչյուր շաբաթ զեկուցում ենք քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Եվ առհասարակ, պողոտայի վերանորոգման բոլոր դետալներն են քննարկվում ու համաձայնեցվում Երեւանի քաղաքապետի հետ։ Պողոտան այս տարիներին արդեն դարձել է երեւանցիների ու մայրաքաղաքի հյուրերի սիրելի վայր, եւ այն, ինչ ունեինք մինչ նորոգումը, արդեն հարիր չէր նման սիրված հանրային վայրին։ Այս նախագիծը Երեւանի քաղաքապետարան - մասնավոր հատված հերթական մեծածավալ համագործակցության արդյունք է։ Ըստ այդմ, «Տաշիր Գրուպ» ընկերությունը, որն էլ ստանձնել է Հյուսիսային պողոտայի հիմանորոգումը, պողոտայի ճեմուղին սալապատում է բնական քարերով, ինչը մի քանի անգամ ավելի երկարակյաց է նախկին ծածկից. ընդլայնվել են ծաղկանոցները, որոնցում ծառեր էլ են տնկվելու»,- ներկայացրել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։
Ըստ ժամանակացույցի՝ աշխատանքները նախատեսված է ավարտել օգոստոսի վերջին։





























