ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկը Ասամբլեայի բյուրոյի նիստի օրակարգում է, Ստրասբուրգում հունիսի 23-ին՝ ԵԽԽՎ ամառային  նստաշրջանի մեկնարկից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը:

Ըստ նրա՝ համաձայն Ասամբլեայի կանոնների՝ հայկական պատվիրակությանը քվեարկելու իրավունքից զրկելը Բյուրոյի  հունիսի 27-ի նիստի օրակարգում կլինի: 

Անդրադառնալով Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցին` ԵԽԽՎ նախագահը հայտարարել է, որ Վեհաժողովն արդեն ասել է իր խոսքը` մի քանի տարի առաջ ընդունած համապատասխան բանաձեւով: «Մենք պաշտպանում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բոլոր անդամ երկրների տարածքային ամբողջականությունը բացարձակ հավասարություն է: Մենք կշարունակենք աշխատել այդ հարցի ուղղությամբ», - ասել է նա:

Հայկական պատվիրակության դեմ պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնությունը հնչեցրել են Ադրբեջանի շահերը պաշտպանող մի խումբ եվրոպացի դիվանագետներ: Ըստ փորձագետների` Բաքվի տվյալ քաղաքականությունը փորձ է ԵԽԽՎ ամառային նստաշրջանում շեղել ուշադրությունը  Արբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատացող իրավիճակից: