Հունիսի 24-ին, Շիրակի մարզի հանրաճանաչ պետական, հասարակական, մշակութային գործիչները «Շիրակ հայրենակցական միավորում» ՀԿ-ի անունից կդիմեն ՀՀ կառավարությանը Շիրակի մարզում եւ մասնավորապես Գյումրի քաղաքում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր խնդիրներին լուծում տալու մտահոգությամբ:

Շիրակցի մտավորականները կստորագրեն ՀՀ կառավարությանը ներկայացվող իրենց առաջարկությունների փաթեթը, որը կփոխանցվի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Մասնավորապես կներկայացվեն զբաղվածության, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության ակտիվացման, մարզի կրթական ոլորտի, գյուղացիական տնտեսություններին դրամաշնորհային աջակցության, Գյումրու կառուցապատման, զբոսաշրջության եւ այլ հրատապ լուծում պահանջող խնդիրներ:

Շեշտադրվելու է ՀՀ կառավարության ծրագրում ամրագրված հատուկ տնտեսական գոտիներ ձեւավորելու արժեքավոր գաղափարը Շիրակի մարզում իրականացնելու նպատակահարմարությունը: Գործազրկության, աղքատության, արտագաղթի եւ բնակչության կենսամակարդակը բնութագրող բոլոր ցուցանիշերը ամենաբարձրն են մարզում եւ մասնավորապես Գյումրի քաղաքում: