Նիդերլանդների հաշվիչ դատարանի նախագահ Սասկիա Ստիվելենգի հրավերով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հաագայում մեկնարկած  Բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական կազմակերպության (ԵՎՐՈՍԱԻ) 9-րդ հնգօրյա համագումարին:

Վերջին վեց տարիներին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը բավականին ակտիվ ինտեգրվում է եվրոպական վերահսկիչ կառույցների շրջանակներում:

Միայն խախտումներ հայտնաբերելը բավարար չէ, անհրաժեշտ է գտնել խնդիրների լուծման նոր բանալիներ. սա է վերահսկիչների նոր առաքելությունը:

Հաագա կատարած այցի ընթացքում Նիդերլանդների, Լեհաստանի, Լիտվայի եւ մյուս երկրների իր գործընկերների հետ Իշխան Զաքարյանը քննարկել է նաեւ երկկողմ համագործակցությանն ու համատեղ ծրագրերին ուղղված մի շարք հարցեր:

Առաջիկա երեք տարիներին եվրապական կառույցի նախագահությունն անցնում է հոլանդական կողմին:  Հոլանդական փորձին Հայաստանի վերահսկիչները լավ ծանոթ են. Ընդամենը վերջերս ավարտեցին եռամյա համագործակցության ծրագիրը:  «Տեխնիկական աջակցություն, Փորձի փոխանակում», «վերապատրաստման ծրագրեր եւ համատեղ ստուգումներ».  սրանք են հիմնական գործիքները, որոնցով Հայաստանի վերահսկիչ կառույցն իր եվրոպական գործընկների միջոցով  փորձելու է շարունակել իր բարեփոխումների ընթացքը:

Համագումարի շրջանակներում Հաագայում հավաքված եվրոպական երկրների վերահսկիչ կառույցների նախագահներին ընդունել է նաեւ Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը:

Իշխան Զաքարյանը Հաագայում այցելել է նաեւ Հայաստանի դեսպանություն, որտեղ որպես  Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, հանդիպել է Հոլանդիայում գործող հայկական կազմակերպությունների ղեկավարների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկել է 2015 թվականին անցկացվելիք համահայկական ամառային խաղերին վերաբերվող մի շարք կազմակերպչական հարցեր: Ի դեպ հիշեցնենք, որ 2015 թվականին անցկացվելիք համահայկական ամառային 6-րդ խաղերն ընդգրկված են Հայոց ցեղասպանության հարյուր ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագրում: