Անհասկանալի է՝ ինչո՞ւ են իշխանությունները ժողովրդից թաքցնում լույսի սակագնի թանկացման իրենց հաշվարկները, հունիսի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի հանրային խորհրդի սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանը:
«Մենք շուկայական կարգավորիչի երկու ներկայացուցչի հետ հինգ ժամ քննարկել ենք էլեկտրաէներգիայի թանկացման պատճառները: Իսկ երբ պահանջեցինք, որպեսզի իրենց վերլուծությունը հրապարակեն կայքում, նրանք հայտարարեցին. թող գան մեզ մոտ եւ տեղոմ ծանոթանան: Անհասկանալի է, թե ինչ են թաքցնում եւ ինչու», - ասել է Սադոյանը:
Ըստ նրա` կարգավորիչի (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով) փաստարկները անհամոզիչ են, այդ թվում նաեւ այն, ըստ որի` Երեւանի ՋԷԿ-ում անհրաժեշտ է պլանային վերանորոգում անցկացնել: « Ի՞նչ պլանային վերանորոգում: Կայանն ախր նոր են կառուցել»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա 3,85 դրամ՝ մեկ կվտ/ժ-ի դիմաց: Տնային սպառողների համար թանկացումը կազմում է 10%, արդյունաբերական սպառողների համար` 15%:
Հիշեցնենք, որ Երեւանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկը կառուցվել է 2010թ.: Ըստ շինարարների, այդ թվում նաեւ տուրբիններ մատակարարած ֆրանսիական «Alstom»-ի հետ պայմանավորվածության, երեք վերանորոգումներից առաջինը պետք է տեղի ունենա շինարարությունից 4 տարի անց:





























