Հայաստանը ինքնուրույն պետք է օգտագործեր Որոտանի ՀԷԿ-ի առավելությունները: Այդ մասին այսօր՝ հունիսի 23-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա խոսքով՝ էականը այն չէ, թե որ կազմակերպությանն է վաճառվել կասկադ ՀԷԿ-ը՝ ռուսական, ամերիկյան, թե մեկ այլ, էականն այն է, թե որքանով արդյունավետ կլինի գործարքը եւ որքան շահույթ կբերի այն Հայաստանին:

«Հենց այդ պատճառով էլ ես դեմ եմ կասկադի վաճառքին: Նախկինում մենք դրա աշխատանքից շահույթ էինք ստանում, իսկ հիմա՝ միայն հարկեր: Իսկ մենք պետք է ինքնրես օգտագործեինք դրա առավելությունները», - հայտարարեց Սարգսյանը:

«Որոտանի կասկադ ՀԷԿ»-ը կազմված է 3 էլեկտրակայաններից. Սպանդարյանի ՀԷԿ (հզորությունը՝ 78 մեգավատ), Շամբի ՀԷԿ (171 մեգավատ) եւ Տաթեւի ՀԷԿ (157.2 մեգավատ): «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ-ի 100%-անոց բաժնետերը Հայաստանի կառավարությունն էր: Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2013թ. նոյեմբերի 27-ին հաստատեց «Որոտանի կասկադ ՀԷԿ»-ի վաճառքն ամերիկյան Contour Global ընկերությանը: Գործարքի արժեքը 180 մլն դոլար է: