Հունիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ ծրագրի երկրորդ փուլի բացման արարողությունը: Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. «Որախ եմ, որ կատարվեց ձեր երազանքը եւ այսօր Հայաստանում եք, ոտք եք դրել հայրենի հողի վրա եւ ավելի եք ուժեղացել:

Հայաստանը համայն հայության հայրենիքն է Բարով եք եկել Հայրենիք: Եկել եք, որ հիանաք Արարատով ու Սեւանով, այցելեք Մատենադարան, խոնարհվեք Ցեղասպանության զոհերի հուշարձանին, մոմեր վառեք Սուրբ Էջմիածնում, լինեք Խոր Վիրապում, Գառնի Գեղարդում, Նորավանքում, Սարդարապատում: Բայց ամենակարեւորն այն է, որ սովորելու եք հայերեն, խոսելու եք հայերեն: Համոզված եմ, որ հեռանալու եք Հայաստանից այն հաստատ համոզմամբ, որ ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին զուգահեռ պետք է իմանաք մայրենի լեզուն»: Նախարարը շնորհակալություն հայտնեց երեխաների ծնողներին, հյուրընկալ ընտանիքներին, ուսուցիչներին, վարչական շրջանների պատասխանատուներին, կարեւորեց նրանց դերը «Արի տուն» ծրագրի կայացման գործում: Հրանուշ Հակոբյանը ն ծրագրի մասնակիցներին սիրով հրավիրեց մասնակցելու հուլիսի 1-ին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի բացման արարողությանը, որին մասնակցելու են պարախմբեր աշխարհի 34 երկրներից:

Ծրագրի մասնակիցներին ողջունեցին նաեւ ԱՄՆ-ից բարարներ Վարդգես եւ Մերի Նաջարյանները:

Բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, «Տավուշ» հայրենակցական միության նախագահի տեղակալ Լավրենտի Միրզոյանը ողջունեց ծրագրի մասնակիցներին, կարեւորեց «Արի տուն» ծրագիրը, նրա դերը հայրենաճանաչության գործում: Նա նշեց, որ ինքը հյուրընկալել է ծրագրի երեք մասնակցի եւ պատրաստ է հյուրընկալել ծրագրի եւս 15 մասնակիցների: Լ. Միրզոյանը հավելեց, որ «Տավուշ» հայրենակցական միությունը հանդես է եկել ծրագրի մասնակիցներին հյուրընկալելու պատրաստակամությամբ եւ կոչ արեց մյուս հ/կներին եւ հայրենակացական միություններին միանալ այդ նախաձեռնությանը:

Ելույթով հանդես եկավ եւ ծրագրի կազմակերպիչներին իր շնորհակալական խոսքն ասաց Երեւանի թիվ 118 դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանը, ով իր տանը հյուընկալել է ծրագրի երկու մասնակցի:

Ելույթ ունեցան նաեւ ծրագրի մասնակիցները՝ «Հայաստանի ձայն» մրցույթի հաղթող Աննա Խանչալյանը՝ Թբիլիսիից, Ալեքսան Հնչեյանը՝ Փարիզից, Նաիրա Եփրեմյանը՝ Ռիգայից, Վիոլետա Ղարագյոզյանը՝ Նինոծմինդայից:

Մասնակիցներն ըստ ծրագրի 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական եւ արդի տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական եւ մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն Հայրենիքում, կսովորեն ազգային պարեր եւ երգեր: Ծրագրի վերջում ճամբարային 5 օրերը մասնակիցները կանցկացնեն Ծաղկաձորում:

Նշենք, որ «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլին մասնակցում են 130 պատանիներ եւ աղջիկներ 8 երկրից՝ ՌԴ-ից, Ուկրաինայից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Լատվիայից, Սիրիայից: