Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ էլեկտրաէներգիայի անկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված մոտ երեք տասնյակ քաղաքացիներին սատարելու գնացած «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնության անդամներից մեկին քիչ առաջ բերման են ենթարկել հենց ոստիկանության շենքի դիմացից։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Սարյանի փողոցի լարված իրավիճակը տեղափոխվել է ոստիկանության շենքի մոտ։ Ոտիկանները պահանջում են, որ ակտիվիստները հեռանան շենքի մոտից, սակայն ակցիայի մասնակիցները չեն հեռանում։
Ոստիկանները շղթա կազմած քաղաքացիներին ստիպողաբար հեռացրել են շենքի մոտից։ Բախումներ են տեղի ունեցել ակտիվիտների եւ ոստիկանների միջեւ։ Ոստիկաններին դիմադրող Սարգիս Գեւորգյանին բերման են ենթարկել։
Այս պահին քաղաքացիները ոստիկանության շենքից բավականին հեռու են եւ բղավում են՝ «ազատություն»։
Նրանց թիվը գնալով մեծանում է։
Նշենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել է 10 %-ով՝ մոտ 4 դրամով: Նախկին 38 դրամի փոխարեն էլեկտրաէներգիայի սակագինը 1 կվ-ի դիմաց կդառնա 42 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























