Տեսանկարահանող եւ լուսանկարող սարքերի ու կարմիր գծերի համակարգերի, տուգանքների մեծ չափերի մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այնպիսի հարցադրումներ է արել, որ դրանց պետք է մասնագետները պատասխանեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Սրան քաղաքական պատասխան պետք չէ տալ, այս հարցի պատասխանը կտա մասնագիտական խումբը, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ խնդիրներ է բարձրացրել. դրանց պատասխանը մասնագիտորեն կտրվի: Կարծում եմ՝ շուտով լրատվամիջոցներում կտարածվի: Եթե երկրորդ նախագհը հարց է բարձրացնում, դրանց պատասխանները պետք է տալ: Կարմիր գծերի վերաբերյալ հարցերին կպատասխանի քաղաքապետարանը, տեսախցիկներինը՝ պետավտոտեսուչների համապատասխան խումբը»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահը բարձրացրել է մի շարք հարցեր՝ կապված ճանապարհային տուգանքների հետ:

«Ավելին` բնակչությունից գումարների կորզման գործառույթն իրականացնում են ՀՀ պետական կառույցները: Այսինքն` մասնավոր ընկերությունների գերշահույթը քրտնաջան աշխատանքով ապահովում են իշխանության մարմինները /ըստ մամուլի չհերքված հրապարակումների` այդ ընկերությունները փոխկապակցված են պաշտոնյաների հետ/: Սա անհեթեթություն ու ցինիզմ է, որը չի տեղավորվում բարոյականության որեւէ սահմանում, հակասում է առողջ բանականությանը եւ քաղաքակիրթ աշխարհի փորձին»,- ասել էր նա: