Երեւանի քաղաքագետ Տարոն Մարգարյանը այսօր՝ հունիսի 23-ին, հերթական խորհրդակցության ժամանակ պատկան կառույցների ղեկավարներին հանձնարարել է շրջել երթուղայիններով եւ բռնացնել ծխող, կամ բջջային խոսող վարորդներին:
Նշվել է, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել է վարորդների ծխելու 5 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Դժգոհություն հայտնելով իրականացվող աշխատանքների արդյունքներից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով նաեւ մեքենաների արտաքին եւ ներքին սանիտարական պատշաճ վիճակի ապահովմանը, մեքենաներում հնչող երաժշտությանը, ինչպես նաեւ ընթացքի ժամանակ բջջային հեռախոսներով վարորդների խոսելուն:
«Ամեն օր հասարակական տրանսպորտից օգտվում են հազարավոր երեւանցիներ, եւ շատ կարեւոր է, որ մեքենաներում ապահովված լինեն պատշաճ պայմաններ: Մեր քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս են բարձրացվել մեքենաներում հնչող երաժշտության մասին դժգոհություններ, ինչպես նաեւ ընթացքի ժամանակ վարորդների ծխելու կամ բջջային հեռախոսով խոսելու հետ կապված: Նման անթույլատրելի երեւույթները բացառելու նպատակով անձամբ երթեւեկեք երթուղայիններով: Միայն վերջնականգառներում լինելով հնարավոր չէ ամբողջությամբ տիրապետել տիրող վիճակին, ինչն էլ իր հերթին հնարավորություն չի տալիս ներկայացնել իրական պատկերը: Ձեւավորեք առանձին աշխատանքային խմբեր ու անձամբ շրջեք երթուղայիններով, տեղում ծանոթացեք իրավիճակին, որ ձեզ համար էլ տեսանելի լինի իրական պատկերը, ինչից եւ արդարացիորեն դժգոհում են մեր քաղաքացիները: Համոզված եղեք, որ եթե հենց տեղում, օրենքով սահմանված կարգով կիրառեք համապատասխան պատժամիջոցները, ապա կարճ ժամանակահատվածում թե՛ դուք եւ թե՛ մեր համաքաղաքացիները կնկատեն ու կզգան դրական փոփոխությունները»,-նշել է Տարոն Մարգարյանը:





























