Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսօր՝ հունիսի 23-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով:

Ժողովի սկզբում ԳՀԽ անդամներին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը` ողջունելով նաեւ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի ներկայությունը ԳՀԽ ժողովին: Նորին Սրբությունն ընդգծեց, որ ժողովը գումարվել է նկատի ունենալով Երուսաղեմի Հայոց Պատրիարքի Մայր Աթոռում գտնվելու պարագան` քննարկելու Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հրատապ լուծում պահանջող հարցեր, ինչպես նաեւ Հայ Եկեղեցու թեմերի եւ կառույցների գործունեությանը վերաբերող խնդիրներ: Ապա Վեհափառ Հայրապետը հրավիրեց Երուսաղեմի  Հայոց Պատրիարքին ատենապետելու ժողովը:

Ժողովի ընթացքում Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման եւ  Մյուռոնօրհնության արարողության նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին զեկույցներ ներկայացրեցին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Լսելով ներկայացված զեկույցները` Գերագույն հոգեւոր խորհուրդը գնահատանք հայտնեց Սրբադասման ու Մյուռոնօրհնության հանձնախմբերին եւ Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակին կատարված աշխատանքի համար:

Ժողովին որոշվեց առաջիկա Մյուռոնօրհնության արարողությունն անցկացնել 2015 թ. սեպտեմբերի 27-ին` Ս. Վարագա խաչի տոնին: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետի կողմից հանձնարարական տրվեց հանձնախմբերին ձեռնամուխ լինելու միջոցառումների պատշաճ կազմակերպմանը:

Վիրահայոց թեմին վերաբերող խնդիրների վերաբերյալ զեկուցեց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Անդրադառնալով թեմական կյանքին` ժողովականներն իրենց գնահատանքը հայտնեցին Վազգեն Սրբազանին եւ թեմի եկեղեցականներին Վրաստանում Հայ Եկեղեցու եւ հայ համայնքի իրավունքների պաշտպանությանը եւ հոգեւոր կյանքի զորացմանն ուղղված իրենց նվիրյալ ջանքերի համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր-կրթական հաստատությունների գործունեության վերաբերյալ զեկուցեց հոգեւոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը` մասնավորապես անդրադառնալով եկեղեցականների պատրաստության, ինչպես նաեւ սաների հավաքագրման եւ ընդունելության գործընթացին: Ընդգծելով աշխարհասփյուռ հայության հոգեւոր կարիքները հոգալու համար բավարար թվով եկեղեցականների պատրաստության հրամայականը` Գերագույն հոգեւոր խորհուրդը որոշեց Գեւորգյան հոգեւոր ճեմարանում հաստատել հոգեւոր-կրթական հաստատությունների դիմորդների հավաքագրման հատուկ գրասենյակ: Այս առնչությամբ հոգեւոր-կրթական հաստատությունների վերատեսչին հանձնարարվեց պատրաստել տեղեկագրեր հոգեւոր-կրթական հաստատությունների մասին, նաեւ թելադրվեց, Նվիրապետական Աթոռների հոգեւոր-կրթական հաստատությունների պատասխանատուների հետ համախորհուրդ, մշակել թեմերում եւ համայնքներում ճեմարանների կարեւոր առաքելության եւ գործունեության իրազեկմանն ուղղված մի ծրագիր, որը հրավեր կուղղի երիտասարդությանն ուսումնառությունը շարունակելու հոգեւոր-կրթական հաստատություններում եւ հետագա ծառայությունը բերելու Հայ Եկեղեցու անդաստանում: