Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ այսօր՝ հունիսի 23-ին, բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված ակտիվիստները շարունակում են մնալ ոստիկանության Կենտրոնի բաժնում։ Արդեն կես ժամից ավելի ներսում գտնվող փաստաբաններին թույլ չեն տալիս տեսնել նրանց։ Այս մասին ոստիկանության մոտ լրագրողներին ասել է «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Գեւորգ Գորգիսյանը։
Նրա խոսքով իրենց նախնական հաշվարկով բերման ենթարկվածների թիվը 27-ն է, ընդ որում առաջին երկու բերման ենթարկվածները՝ Արսեն Ադամյանն ու Վահան Դուրինյանը երեք ժամից ավելի է՝ գտնվում են ոստիկանությունում, ինչն օրենքի խախտում է։
Ոստիկանության դիմացից բերման ենթարված օպերատոր Սարգիս Գեւորգյանի ընկերը լրագրողների ներկայությամբ զանգահարել է Սարգիսին, բարձրախոսը միացրած խոսել նրա հետ։ NEWS.am-ի թղթակիցը, որը ներկա է եղել այդ խոսակցությանը, հաղորդում է, որ Սարգիսի խոսքով, իրեն բերման ենթարկելիս ոստիկաններն անընդհատ հարվածել են, իսկ արդեն ոստիկանության բաժանմունքում դիտավորյալ գցել են գետնին, այնպես որ հարվածը հնարավորին ցավոտ լինի, ապա ձեռնաշղթաներից բռնած կոպիտ կերպով բարձրացրել գետնից։
Ակտիվիստները շարունակում են կանգնած մնալ ոստիկանության առջեւ՝ դիմացի մայթին, որտեղ նրանց հրելով տարել են շղթա կազմած ոստիկանները։
Նշենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել է 10 %-ով՝ մոտ 4 դրամով: Նախկին 38 դրամի փոխարեն էլեկտրաէներգիայի սակագինը 1 կվ-ի դիմաց կդառնա 42 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով:





























