Ոստիկանության Կենտրոնականի բաժնից հերթով դուրս են գալիս այսօր՝ հունիսի 23-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիները։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մոտ տասը քաղաքացի արդեն դուրս է եկել։ Նրանց նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։
Ոստիկանությունից դուրս եկողներին հավաքվածները դիմավորում են ծափահարություններով։ Բոլորը պատմում են, որ Ոստիկանությունում իրենց նկատմամբ բռնություն չեն գործադրել, գրեթե բոլորը, սակայն, վստահեցնում են, որ բերման ենթարկելիս են իրենց նկատմամբ բռնություն գործադրել, ինչի հետեւանքով իրենք ստացել են տարբեր վնասվածքներ։
Մեծ մասը պնդում է, որ իրենց օրենքով սահմանված 3 ժամից կես ժամ ավելի են պահել ոստիկանությունում, ինչն օրենքի խախտում է։
Նշենք, որ այսօր բերման ենթարկվածների մեծ մասը ՏՏ ոլորտի աշխատողներ են, հիմնականում՝ պարտադիր կուտակային կեսնաթոշակի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները։
Պատահական չէ, որ բեման ենթարկվածների հետեւից Ոստիկանության մոտ էր գնացել նաեւ ԻՏՁՄ նախագահ Կարեն Վարդանյանը։




























