19-րդ դարի վերջին Երեւանում կառուցված եւ պատմամշակութային անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում ընդգրկված Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման վերսկսված աշխատանքներն այսօր՝ հունիսի 23-ին, դադարեցվել են Մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության ներկայացուցիչ Արմեն Աբրոյանի միջամտությամբ։ (ֆոտոռեպորտաժ)

Նախարարության ներկայացուցիչը այցելելով շինհրապարակ՝ դիմել է շինարարության պատասխանատուին՝ խնդրելով դադարեցնել շինարարությունը, քանի որ ապամոնտաժումը թույլատրող փաստաթղթերը լիարժեք չեն։

Նրա խոսքով՝ իրենք գրություն են ուղարկել տարածքը գնած «Միլենիում Քընսթրաքշըն» ՍՊԸ-ի տնօրենին:

«Գրել ենք, որ տեղում շինարարների ներկայացրած փաստաթղթերը թերի են, այդ բացակայությունը կարող է վտանգել հուշարձանը, անհրաժեշտ է դադարեցնել աշխատանքները»,- ասաց Արմեն Աբրոյանը։

Մինչ այդ «Պահպանենք Աֆրիկյաների ակումբի շենքը» նախաձեռնության մոտ 30 անդամներ երթով գնացին Մշակույթի նախարարություն՝ պահանջով, որ նախարար Հասմիկ Պողոսյանն իջնի ու զրուցի իրենց հետ։ Տեսնելով, որ իրենց անտեսում են, ակցիայի մասնակիցները նախարարության առջեւ՝ սյունի վրա թողել են «Մենք ժամանակ չունենք ձեզ սպասելու» գրությունը եւ հեռացել։

Այս պահին Աֆրիկյանների տան ապամոնտաժման աշխատանքները դադարեցված են։ Ակտիվիստները, սակայն, չեն հեռանում տարածքից, հսկում են, որ ապամոնտաժումը վերսկսվելու դեպքում խոչընդոտեն։

Հիշեցնենք՝ քաղաքացիական ակտիվիստները պահանջում են չքանդել ու չտեղափոխել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված Աֆրիկյանների շենքը, որը Խորհրդային տարիներին ծառայել է որպես բազմաբնակարան շենք։ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որայն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։ Սեփականատերերը վստահեցնում են, որ շենքի քարերը համարակալվել են եւ անվտանգ կտեղափոխվեն այլ վայր, սակայն ակտիվիստները թերահավատորեն են վերաբերվում այս պնդմանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքը վերջնականապես կոչնչացվի։