ԱԺ ոչ իշխանական քառյակը դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ միջնորդելով քրեական պատասխանատվության չենթարկել  այսօր՝  հունիսի 23-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  մոտ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ընթացքում բերման ենթարկված ակտիվիստներից ոչ մեկին։ Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ դուրս գալով Ոստիակնության Կենտրոնականի բաժնից, որտեղ բերման էին ենթարկել 27 քաղաքացիների։

Արամ Մանուկյանի խոսքով սա առաջին դեպքն է, երբ քառյակը նման հարցով դիմում է  ոստիկանություն։ Նա տեղեկացրեց, որ իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր տեսանյութերը, որտեղ երեւում են ակտիվիստների նկատմամբ բռնություններն իրենք ներկայացնելու են ոստիկանություն՝ հետաքննություն իրականացնելու համար:

«Տրամադրելու ենք նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մեր  պատվիրակությանը, որն այս պահին Ստրասբուրգում է: Հայաստանը պետք է գնա ժողովրդավարության, ոչ թե քաղբանտարկյալների ավելացման ճանապարհով: Այստեղ որևէ խնդիր չկա, երիտասարդները պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, լավ են անում, պետք է պայքարեն»,-ասաց Արամ Մանուկյանը։

Նշենք, որ բերման ենթարկվածների մեծ մասն արդեն ազատ է արձակվել, ներսում է միայն ակտիվիստներից Նարեկ Հակոբյանը, որի նկատմամբ էլ ոստիկանությունը մտադիր է եղել քրեական հետապնդում իրականացնել։ Ոստիկաններից մեկը ցուցմունք է տվել, որ Նարեկ Հակոբյանը ակցիայի ժամանակ հարվածել է իրեն։

Նշենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել է 10 %-ով՝ մոտ 4 դրամով: Նախկին 38 դրամի փոխարեն էլեկտրաէներգիայի սակագինը 1 կվ-ի դիմաց կդառնա 42 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թանկացումը պատճառաբանում է «Էլեկտրական ցանցեր» ընկերությունում առաջացած ֆինանսական ճեղքվածքով: