«Կապի միջոցների երեւանյան ԳՀԻ» ՓԲԸ-ն կարգավորել է սարքավորումների արտահանումը Լիտվա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԳՀԻ գլխավոր տնօրեն Մհեր Մարկոսյանը՝ Երեւանում «DigiTec Business» ֆորումի շրջանակներում: Մարկոսյանի խոսքով՝ արտահանումը Լիտվա արդեն երկու տարի շարունակվում է:
«Մեզ հաջողվում է արտադրանք արտահանել՝ համապատասխան ԵՄ չափանիշներին: Մենք լիտվացի գործընկերներին սարքավորումների նախատիպեր ենք արտահանում, որով նրանք իրենց մոտ արտադրություն են կազմակերպում: Բացի այդ, մենք տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերում. մեր մասնագետները հետեւում են Լիտվայում նախատիպի սերիական մոդել վերածվելուն»,- նշել է Մարկոսյանը:
«DigiTec Business» ՏՏ-ֆորումն անցկացվել է Երեւանում հունիսի 20-21-ին: Կազմակերպիչն էր Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը(UITE), գլխավոր հովանավորն էր «Բիլայնը»: Ֆորումն անցկացվել է վարչապետի հովանու ներքո:




























