Ես հետեւելու եմ ՀՀ գլխավոր դատախազությունում Որոտանի կասկադի հարցին: Այս մասին հունիսի 24-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նրա խոսքով, Որոտանի կասկադն իր համար Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության խորհրդանիշերից է: Իսկ այդ նշանակում է, որ այն չմտածված կերպով օտարներին հանձնելը պետության դեմ հանցագործություն է:

Արամ Մանուկյանի խոսքով, գործարքի գինը 180 մլն դոլար է, ինչը մի քանի անգամ քիչ է ոչ միայն արդար շուկայական արժեքից, այլեւ կասկադի ինքնարժեքից. նրա հաշվարկներով, այն չպետք է 1.5 մլրդ դոլարից պակաս լինի:  «Այդ դեպքում ինչո՞ւ վաճառել ռազմավարական հզորությունները: Ընդ որում, ջրամբարներով, որոնք կազմում են երկրի արհեստական քաղցրահամ ջրամբարների շուրջ կեսը»,- հայտարարել է Մանուկյանը:

Որոտանի ՀԷԿ-ը կազմված է 3 էլեկտրակայաններից՝ Սպանդարյանի (հզորությունը 76 ՄՎտ), Շամբի (171 ՄՎտ) եւ Տաթեւի (157,2 ՄՎտ): «Որոտանի Կասկադ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը Հայաստանի կառավարությունն է: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 27-ին հաստատել է Որոտանի Կասկադի վաճառքի գործարքը ամերիկյան «Contour Global» ընկերությանը՝ 180 մլն դոլարով, սակայն, ըստ մամուլի հրապարակումների, գործարքը չի ավարտվել, գումարը չի փոխանցվել: