2014թ. աշնանը Հայաստանի խորհրդարանի պատգամավորները, եթե իհարկե համարձակություն ունենան, պետք է գազի սակագնի նվազեցում պահանջեն: Այդ մասին այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողներին հայտարարեց Հայ ազգային կոնգրես պատգամավորական ընդդիմադիր խմբակցության քարտուղար, Գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արամ Մանուկյանը: Նրա կարծիքով, այլ տարբերակ չի մնում. ի պատասխան պատգամավորական հարցումների, նախարարություններից եւ գերատեսչություններից բավականին անմխիթար տեղեկություններ են հաղորդվում: Այսպես, մեկ տարվա ընթացքում «Գազպրոմ-Հայաստան»-ում աշխատանքի են ընդունել 1000 մարդու եւ յուրաքանչյուր աշխատակցի աշխատավարձը միջինը բարձրացել է 200 դոլարով: Աշխատավարձի ֆոնդը կրկնակի անգամ մեծացել է՝ մոտ 16 մլրդ դրամ (39 մլն դոլար):

 «Գազպրոմ-Հայաստանի» միայն կենտրոնական ղեկավարությունում աշխատում է մոտ 1000 մարդ: Աշխատասենյակներում նստելով՝ նրանք հազարավոր դոլարներ են աշխատում: Թող հարյուր հազարավոր դոլարներ ստանան, բայց հասարակ մարդիկ էլ 300-400 դոլար ամսական եկամուտ ստանան, ներկայից 150-200-ի փոխարեն: Նրանք մեր հաշվին են այդ գումարները ստանում: Այդ մեր ընտանիքներում են ասում. Գազը երկար միացրած մի թողեք, տաք ջուր մի միացրեք, լույս մի վառեք», - ավելացրեց Մանուկյանը:

Հիշեցնենք, որ երեկ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում «Գազպրոմ-Հայաստան» մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը հայտարարեց, որ վերջին 5 տարիների ընթացքում ընկերությունը վնասով է աշխատում՝ չնայած նախատեսված 12%-անոց շահույթի: