Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պայքարում են 41 մանդատների համար, «խաղացնելով ամբողջ ժողովրդին, կայացած եւ չկայացած քաղաքական ուժերին, սակայն կռվում են բավականին գրագետ եւ քաղաքակիրթ ձեւով»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի վերջին հարցազրույցին, որտեղ ընդգծել է, որ կողմ է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին: 

«Եթե նախկինում մեծամասնական մանդատները տալիս էին օլիգարխներին եւ դրանք Քոչարյանի գրպանում էին, ապա հիմա Սերժ Սարգսյանին են պատկանում: Քոչարյանը ցանկանում է 41 տեղից լրացուցիչ մանդատ ունենա: 41 տեղի կռիվ է, քաղաքական կռիվ չէ, տեսակետների բախում չէ: Ուղղակի մանդատների կռիվ է, որը բավականին գրագետ եւ քաղաքակիրթ է արվում. Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը խաղացնում են ամբողջ ժողովրդին, քաղաքական եւ ոչ քաղաքական ուժերին: Քոչարյանը կռիվ է անում այդ 41 մանդատների համար, որպեսզի եթե անցնեն խորհրդարանական կառավարման համակարգին, ապա այդ 41 ձայները կարեւոր նշանակություն կունենան»,- ասաց նա:

Անդրադառնալով ճանապարհային տուգանքների մասին Քոչարյանի կարծիքին՝ Մակեյանն ընդգծեց, որ սա այն թեման չէ, որի մասին երկրորդ նախագահը խոսելու իրավունք ուներ. «Ինքը բարձրաձայնում է, որովհետեւ օդից հասնող փողերը իրեն չեն հասնում: Կռիվը ֆինանսի մեջ է: Չնայած Քոչարյանը այդ ֆինանսի կարիքը չունի, սակայն արձանագրում է, որ օդից եկող փողեր են, եւ ինքը դրա մեջ փայ չունի»:

Նշենք, որ հունիսի 23-ին տված հարցազրույցում Քոչարյանն անդրադարձել է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն եւ ճանապարհային տուգանքներին: