Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեմ է այն ամենին, ինչին կողմ է Սերժ Սարգսյանը, որը նշանակում է, որ նա ցանկանում է դառնալ ընդդիմության առաջնորդ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական եւ միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի վերջին հարցազրույցին, որտեղ ընդգծել է, որ կողմ է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին:
«Քոչարյանը հստակ մտել է ընդդիմության փուլ եւ վերջին հարցազրույցների դինամիկայից ելնելով՝ հավակնում է ընդդիմության առաջնորդի պաշտոնին: Խոսքս ոչ իշխանական ուժերի մասին է՝ քառյակի: Իսկ քառյակից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կհամաձայնվի դրան, որովհետեւ Քոչարյանի պրոյեկտն է եւ հենց դրա համար է ստեղծված, Հայ ազգային կոնգրեսն անում է այն, ինչ ասում է ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն էլ վաղուց ընդունել է Քոչարյանին՝ որպես երկրի նախագահ, իսկ «Ժառանգությունն» էլ մի օր այս կողմում է, հաջորդ օրը մյուս»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ պատահական չէ, որ ճանապարհային տուգանքների, կարմիր գծերի, տեսանկարահանող տեսախցիկների մասին խոսել է Քոչարյանը, քանի որ նա առաջնորդում է քառյակի պոպուլիզմին. «Սա պոպուլիստական քայլ է, Քոչարյանն առաջնորդում է քառյակի պոպուլիզմին»:
Նշենք, որ հունիսի 23-ին տված հարցազրույցում Քոչարյանն անդրադարձել է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն եւ ճանապարհային տուգանքներին:





























