Փառք ու պատիվ երեկվա ակցիան համբերատար տարած պատգամավորներին: Հունիսի 24-ի մամուլի ասուլիսին հունիսի 23-ին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի շենքի մոտ տեղի ունեցած ակցիան այսպես մեկնաբանեց իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր, Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության մշտական հանձնաժողովի ղեկավար Արտակ Դավթյանը:

Մասնավորապես, հարցին՝ որքանո՞վ էին իրավաչափ Ոստիկանության աշխատակիցների գործողությունները, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Իսկ որքանո՞վ էր օրինաչափ պատգամավորներին դավաճան կոչած եւ նրանց վրա մանրադրամ նետած ակտիվիստների պահվածքը: Փառք ու պատիվ այն պատգամավորներին, որոնց նյարդերը տեղի չեն տվել, եւ նրանք կարողացել է տանել տեղի ունեցածը:

Դիտողությանը, թե իշխող կուսակցությանը արդյոք չի՞  անհանգստացնում երկրի քաղաքացիների կողմից այդչափ բացասական վերաբերմունքը, Դավթյանն ասաց. «Այդ մարդիկ չէ, որ պետք է սովորեցնեն մեզ՝ ինչպիսին պետք է մենք լինենք, եւ հայրենասե՞ր ենք մենք, թե՞ ոչ»: Կարեւորն այն է, որպեսզի մարդն ինքն իր հետ համերաշխության եւ խաղաղության մեջ ապրի:

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 23-ին, Երեւանում Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ էլեկտրաէներգիայի սպասվող թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիան ավարտվել էր ծեծկռտուքով:

Օգոստոսի մեկին Հայաստանում սպասվում է էլեկտրաէներգիայի թանկացում՝ կվ/ժ-ի համար 3.85 դրամ: Այսպիսի հանգման է եկել Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը՝ թանկացումը հիմնավորելով էլեկտրակայանների եւ «Էլեկտրացանցի» կողմից արտասահմանյան վարկերի պարտավորությունների վճարման անհրաժեշտությամբ, ինչպես անեւ 2013թ. Հայաստանի ԱԷԿ-ից եւ ՋԷԿ-երից ստացված էժան էլեկտրաէներգիայի անբավարությամբ: