Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ԵՊՀ-ում ներկա է գտնվել մի շարք պետական բուհերի եւ ՏՏ ոլորտի առաջատար կազմակերպությունների միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը: Եռակողմ պայմանագիրը կնքվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Technology and Science dynamics ընկերության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մասնագետներ պատրաստող հայաստանյան մի քանի խոշոր բուհերի՝  Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի, Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի եւ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի միջեւ: ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կարեւորել է նախաձեռնությունը՝ շեշտելով, որ բուհական  կրթության զարգացման կարեւոր խնդիրներից  մեկը բուհ-աշխատաշուկա համագործակցության խթանումն է, քանի որ  կրթական համակարգի առաջնային պահանջարկը ձեւավորում  է աշխատաշուկան: Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտը գերակա  ուղղություն է հռչակել եւ այդ համատեքստում, ոլորտում աշխատող տնտեսվարողների բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի  իրականացնելու հետաքրքրությունը  փոխշահավետ եւ արդարացված նախաձեռնություն է:

Կողմերը պարտավորվել են իրականացնել համատեղ կրթական ծրագիր ՝բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ միավորելով ուժերը որակյալ մասնագիտական կադրերի պատրաստման հարցում: Technology and Science dynamics ընկերությունը, ինչպես նշել է այդ ընկերության տնօրենը, Հայաստանում իրականացնելու է արտադրական գործունեություն, բայց նպատակ ունի զբաղվելու նաեւ գիտահետազոտական աշխատանքներով: Այդ ուղղությամբ առաջին քայլը ակադեմիական ու արտադրական պոտենցիալների  միավորումն է, որը նպատակ ունի նոր տեմպ հաղորդել տնտեսության ու բարձր տեխնոլոգիաների զարգացմանը : Հուշագրի ստորագրումից հետո կկազմվեն աշխատանքային խմբեր, որոնք արդեն կհստակեցնեն, թե համագործակցությունն ինչ ուղղությամբ է ընթանալու:  Ըստ  փաստաթղթի՝  ընկերությունները կազմակերպելու են հուշագիրը ստորագրած բուհերի ուսանողների պրակտիկան, իրականացվելու է ուսանողների այցելություններ ընկերությունների գրասենյակներ ու արտադրամասեր, ինչպես նաեւ դասախոսություններ, գիտաժողովներ, սեմինարներ եւ այլ միջոցառումներ: Technology and Science dynamics-ը պատրաստակամություն է հայտնել նաեւ ֆինանսավորել ու կյանքի կոչել ուսանողների կողմից առաջարկվող նորարարական տեխնոլոգիական գաղափարները: