Հայաստանի իշխանությունները ցանկանում են մարդկանց փոխադրել ինքնապահպանման բնազդի դաշտ: Այս մասին հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նախօրեին կայացած բողոքի ակցիան եւ բախումները:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Հայաստանի իշխանությունները դիմում են ուժային միջոցների՝ նույնիսկ չնկատելով, թե ով է կողքից տեսնում իրենց: Երկու օր առաջ Հայաստանում էին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողները, իսկ հենց այս օրերին Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ նստաշրջանը. «Եվ ուժային ճանապարհով ցույցը ցրելուց հետո մեր պատգամավորները պետք է այնտեղ ասեն, որ մեզ մոտ «ժողովրդավարությունը զարգանում է»: Ձեր կարծիքով, այդ ինչպե՞ս կհնչի»:

Մանուկյանը նշել է, որ Հայաստանի իշխանություններին չի մտահոգում էլեկտրաէներգիայի թանկացումից հետո ո՛չ մարդկանց բարեկեցությունը, ո՛չ էլ երկրի հեղինակությունը: Փողոցի առջեւ ամեն ինչ երկրորդ պլան է մղվում. «Առաջին պահանջը մարդկանց փողոց դուրս չգալն է, իսկ մարդիկ պետք է ապրեն ոչ թե քաղաքացիական կյանքով, այլ ինքնապահպանման բնազդով»:

ՀԱԿ ներկայացուցչի խոսքով, կատարվածի մեջ մեղավոր է «ֆեյսբուքա-բազմոցա-խոհանոցային» ընդդիմությունը, քանի որ որքան շատ մարդ է կանգնած ոստիկանների առջեւ, այնքան նրանք զուսպ են: Այն հարցին, թե ինքն ինչու այնտեղ չի եղել, Մանուկյանը նշել է. «Ահա այս էլ ապացուցում է, որ բողոքի ալիքը հասել է շարքային քաղաքացուն: Նրանք սովորական քաղաքացի են՝ առանց կազմակերպիչների ու համակարգողների, նրանք վեր են կենում եւ գնում են բողոքելու ինչպես կարող են: Այդ պատճառով ես նախապես չեմ իմացել ակցիայի մասին: Բայց եթե իմանամ, անպայման կգնամ: Ես եւ իմ ընկերներն այդ մարդկանց կողքին կլինենք»: